Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տարվա ամփոփում` չամփոփումով

Տարվա ամփոփում` չամփոփումով
24.12.2013 | 02:40

Առնվազն իշխանություն պիտի լինես չհասկանալու համար, որ ձմռան հետ սովորաբար ձյուն էլ է գալիս, ու որ այդ իրողությունը բնավ էլ բնության քմահաճություն չէ, այլ պարզ օրինաչափություն, ինչպես որ պիտի օրինաչափություն ու ոչ թե քմահաճություն լիներ հանրապետության երթևեկի տակ դրված տարածությունները ժամանակին ու հավուր պատշաճի մաքրելը: Ես չգիտեմ` ո՞վ է իշխանություններին գլխի գցել այլևս չասելու, որ ձյան հետ մղվող արյունալից մարտում շաղ է տրվել այսքան տոննա աղ ու ավազ` բացատրելով, որ փողոցները ձնազատելու չափի միավորն աղն ու ավազը չէ, այլ դրանց անցանելիությունը: Ընթերցողը հիմա կասի` էս Հուրիխանյանը երևի օր ծերության մոռացել է, սպորտից զատ, ուրիշ բաների մասին չգրելու խոստումն ու, կատաղած, մուռ է հանում անհաջող սահանկման պատճառով անցած տարի ուսախախտ (չշփոթել կուսախախտի հետ) լինելու, առողջությունը վերականգնելու համար փեշով մեկ փող թափելու համար: Ոչ, բարեկամներս, չապրենք ծուռ հայելիների թագավորությունում. խնդիրն այնքան էլ այդպես չէ: Նախ, ես դա` այդ ընկնելը, արել եմ ոչ թե քաղաքային իշխանությունների հանցավոր անգործության պատճառով, այլ հայրենական բյուջեն լցնելու, մեզ բուժող դասի` բժիշկների նյութական վիճակը բարելավելու մարդասիրական նկատառումներով, իսկ մեծ խնդիրների կողքին փոքրիկները քննարկման ենթակա չեն, որքան էլ դա անձի նեղ շահերին է առնչվում: Այնպես որ, այս թեման թողնենք մի կողմ ու շարունակենք այնտեղից, որտեղից խոսքը ծռեցինք: Այո, բացառապես սպորտի մասին գրելու խոսք եմ տվել ու պարտքս ազնվորեն կատարել եմ` փոքրից մինչև մեծ իրադարձություններին արձագանքելով: Անգամ այնպիսիներին, որոնց գոյությանը նույնիսկ ոլորտի պատասխանատուները տեղյակ չէին ու թե թերթ կարդալու նեղություն են կրել, հարկադրված իրազեկվել են եղածին: Այսքան լայն ներկայացված տեղեկատվություն-բացատրությունից հետո խնդրում եմ բացատրել` ո՞ր մեղքիս համար է խմբագրությունն ինձնից պահանջում տարվա մասին ամփոփիչ նյութ ներկայացնել, երբ (լրացուցիչ հիշեցման կարգով ենք ասում)` ա) թերթի էջերին խնամքով հանձնել ենք օլիմպիական բոլոր (ինչու չէ` նաև ոչ օլիմպիական) մարզաձևերից երկրի ոչ միայն ազգային, այլև երիտասարդական, պատանեկան ընտրանիների մասնակցությունը ներքին ու արտաքին առաջնություններին, միջազգային մրցաշարերին, լուսաբանել դրանց նախապատրաստական ընթացքը, ուսումնամարզական հավաքները, բ) շարունակել ենք անդրադառնալ հանրապետության մարզադպրոցների, մարզակառույցների գործունեությանը` քարոզելով ակտիվ կենսակերպը, գ) լուսաբանել ենք երկրի մարզական կյանքի, առհասարակ համաշխարհային սպորտի երախտավորների կյանքը, անցած ուղին, դ) ներկայացրել ենք մարզաշխարհում տեղի ունեցած կադրային հանգուցային փոփոխությունները` առանձին դեպքերում հարկադրված լինելով խոսել նաև այն մասին, որ երկրի մարզական կյանքում անբարո է սեփական անձիդ առաջին, երկրորդ կամ իքսերորդ դեմք լինելու մասին խոսելը. գործ են տվել, ոլորտ են վստահել, բարեխղճորեն արա անելիքդ` քո որերորդ լինելուդ գնահատականը տվողը կտա: Ինչի՞ մասին չենք խոսել: Շատ բաների մասին: Այդ թվում նաև այն նկատառումով, որ, ինչպես կյանքում է լինում, հարցեր կան, որոնք պարզապես չպիտի ձենձենել` նույն այդ գործին չվնասելու համար, նաև այն սկզբունքային գիտակցումով, որ ճշմարտությունն ասելը դեռևս չի նշանակում ամեն ինչ ասել: Սա ո՛չ երկակի ստանդարտի կիրառում է, ո՛չ էլ դրա վկայում: Այո, տարվա ընթացքում եղան իրողություններ, որոնց մասին լռություն պահպանեցինք այն դեպքում, երբ առանձին լրատվամիջոցներ, սազը ձեռքներն առած, շտապում էին միմյանցից խլել պահի թիվ մեկ «նորությունը»` իրականում մարզաձևի մասին ամենաաղքատիկ պատկերացում անգամ չունենալով: Չենք խոսել հանրապետության մարզական լավագույն տասնյակի մասին, որն այս տարի գլխավորեց ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը` փոխարենը ժամանակին լուսաբանելով մարզիկի, ընդհանրապես տասնյակում (ու ոչ միայն տասնյակում) տեղ գտածների մրցելույթները: Չենք խոսել զուտ այն նկատառումով, որ մեզ համար այդպես էլ անհայտ են մնում լավագույնին որոշող մարդկանց այդ խումբն ու նրա որդեգրած չափորոշիչները. եթե առաջնայինը ցույց տված արդյունքն է, այս դեպքում ինչպե՞ս վարվել նրա ունեցած կամ չունեցած հանրաճանաչության հետ: Մի խոսքով, լիքը հարցեր են, որոնց հստակեցումները տրված չեն, իսկ լինել այս կամ այն կլանի, այս կամ այն թիմի, այս կամ այն խմբի շահերի արտահայտիչ կամ ձայնափող, ոչ ուզում ենք, ոչ էլ կարող ենք լինել: Սկզբունքի հարց է: Սա էլ մեր դիրքորոշումն է, ոչինչ չես կարող անել: Այլ հարց է` այդպես հե՞շտ է, թե՞ դժվար: Միանգամից էլ պատասխանեմ` հեշտ է, չափազանց հեշտ: Որովհետև կարող ես քեզ հանգիստ դուրս դնել պատվեր կատարողների ցանկից ու խորհրդային ժամանակներին բնորոշ պավլիկմորոզովյան ոճով չանդրադառնալ մարդու անձնական ողբերգությանը, ինչ է թե նրա մերձավորը սայթաքել է կամ, խամաճիկ դատավորի սքեմ հագած, մեկ ուրիշի արածը համարել կեղծ հանրաճանաչության դրսևորում, ինչ է թե, դափնեպսակն առած, օդանավակայան է գնացել մարզիկներին մեծարելու` մոռանալով, որ, այդ ուրիշին թիրախ դարձրած, ինքդ մի ամբողջ մարզաձև ես գաղջ մթնոլորտի դատապարտել: Չշարունակենք: Չհիշենք էլ «անունը կա, ամանում չկա» էն մարզաձևի նախագահի ընտրության այդպես անհեթեթ ու ապաշնորհ միջազգայնացումն ու նման այլ կարգի անհեթեթություններ, որոնցից յուրաքանչյուրի պարագայում կողմերը, դիրքավորված ու ծարավը դեռ չկոտրած, կատարյալ տեղեկատվական-ապատեղեկատվական պայքար են ծավալել: Նյութն այս, որ չգիտեմ էլ որքանով կարելի է տարվա մարզական արդյունքների ամփոփում կամ չամփոփում, տարվա մարզական կյանքի անդրադարձ կամ չանդրադարձ համարել, ինչպես տեսնում եք, առանց անունների կամ գրեթե առանց անունների հիշատակման է, թեպետ տողատակերից հստակ երևում են թե՛ անձեր, թե՛ մարզաձևեր: Հայկական սպորտը, ցավոք, այնքան նեղ շրջանակներ է ներառում, որ որքան էլ համրախոս լինես կամ փորձես արտահայտվել մովսեսյան կակազ լեզվով, միևնույն է, ամեն ինչ մակերևույթին է: Սակայն մակերևույթին է, ցավոք, ոչ թե ցանկալի զարգացումների, այլ նավաբեկության արդյունքում: Այս բեկյալ վիճակն է անհանգստացնողը, թե չէ ասում եք` տարվա ամփոփում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ